Եվրոպական տիեզերական գործակալության հետազոտական Mars Express սարքը Մարսի մակերևույթի մի շարք լուսանկարներ է արել: Լուսանկարները հիմնականում արվել են լեռնային լանդշաֆտ ունեցող Ֆարսիդա շրջանում: Գիտնականների հետաքրքրության կենտրոնում ամենևին էլ լեռները չեն, որոնց գոյության մասին վաղուց է հայտնի: Նկարներում պարզորոշ կերպով երևում են խառնարանների շղթաներ: Այդ խառնարանների խորությունը, ըստ մոտավոր հաշվարկների, կազմում է 1500 մետր: Դրանց ծագման մասին հետազոտողների կարծիքները երկու խմբի են բաժանվում: Այս թեման թեժ քննարկումներ է առաջացրել գիտական աշխարհում:
Աշխարհագրական նման կազմավորումներ են դիտվել Ֆարսիդայի մի շարք հատվածներում: Խառնարանային անցքեր սովորաբար գոյանում են հրաբխային լեռների կատարներին: Գիտնականների մի խումբ կարծում է, որ լեռների կատարներին գոյացած ճեղքերը՝ մոլորակում տեղի ունեցող մեխանիկական գործընթացների արդյունք են: Նրանք կարծում են, որ ժամանակի ընթացքում Մարսի երկրակեղևը ձգվում է, ինչի հետևանքով ճեղքեր են ի հայտ գալիս:
Գիտնականների մեկ այլ խումբ էլ կարծում է, որ խառնարաններ հիշեցնող լեռնային ճեղքերի գոյացումը պայմանավորված է ստորջրյա հոսքերով: Սակայն Կարմիր մոլորակում ջրի առկայությունը դեռ հաստատված չէ:








































