Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլիմը այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ կներկայացնի, թե ինչպես է պաշտոնական Դամասկոսն իրականացնում ՄԱԿ-ի և ԱՊԿ հատուկ բանացնաց Քոֆի Անանի՝ 6 կետից բաղկացած ծրագիրը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները նշանակված են ապրիլի 10-ին: Հենց այդ օրն էլ լրանում է ծրագրով նախատեսված՝ զորքերը քաղաքներից դուրս բերելու վերջնաժամկետը: Դրանից հետո, ըստ Անանի ծրագրի, 48 ժամվա ընթացքում հակամարտության երկու կողմերը պետք է դադարեցնեն ցանկացած տեսակի բռնություն:
Չնայած պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ համաձայնություն էր տվել ծրագրին, այնուամենայնիվ, ըստ արևմտյան լրատվամիջոցների և սիրիացի ընդդիմադիր ակտիվիստների, սիրիական զորքերը շարունակում են քաղաքների ռմբակոծությունները:
Կիրակի Սիրիայի իշխանությունները հայտարարեցին, որ չեն պատրաստվում զորքերը դուրս բերել քաղաքներից, քանի դեռ ընդդիմադիրները գրավոր երաշխիք չեն ներկայացրել կրակը դադարեցնելու մասին:
Մինչդեռ Սիրիայի ազատ բանակի հրամանատարությունը հրաժարվել է նման երաշխիքներ տրամադրել, սակայն պատրաստակամություն է հայտնել ապրիլի 10-ին դադրեցնել ռազմական գործողությունները անգամ եթե կառավարական զորքերը դուրս չբերվեն քաղաքներից:







































