ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է, որ Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքում տեղի ունեցած սևամորթների սպանության հետաքննության ընթացքում հաշվի կառնեն նաև Facebook սոցիալական ցանցում տեղադրված մեկնաբանությունները, որոնք ցանցում էր տեղադրել հարձակումներն իրականացնելու մեղադրանքով ձերբակալված տղամարդը: Սակայն ոստիկանությունը հայտնում է, որ խելամիտ չէ հանցագործության պատճառը համարել վրեժը:
ABC News-ի հաղորդմամբ՝ հարձակումների մեղադրանքով ձերբակալվել է երկու մարդ: Հիշեցնենք, որ հարձակումների հետևանքով երեք սևամորթ տղամարդ էր սպանվել, ևս երկուսը հրազենային վնասվածք էր ստացել:
Պաշտոնատար անձինք հայտնում են, որ այսօր առավոտյան ձերբակալվել են 19-ամյա Ջեյք Ինգլանդն ու 32-ամյա Ալվին Ուոթսը: Ոստիկանությունը հայտնում է, որ չնայած իրենք զարմանալի արագությամբ կարողացել են գտնել մեղավորներին, բայց դեռևս շատ անպատասխան հարցեր կան:
Կրակոցները տեղի էին ունեցել մոտավորապես երկու տարի անց այն բանից, երբ մի սևամորթ տղամարդ սպանել էր Ինգլանդի հորը: Այս տեղեկությունը հայտնի է դարձել Facebook սոցիալական ցանցի միջոցով: Բայց Դաշնային հետախուզությունների բյուրոյի ներկայացուցիչ Ջեմս Ֆինչն ասում է, որ խելամիտ չէր լինի խոսել վրեժի մասին, և կարիք կա բոլոր տեղեկությունները վերլուծելու, դրանք համադրելու և հասկանալու երկու սպիտակամորթ տղամարդկանց կողմից հինգ սևամորթների վրա հարձակման դրդապատճառները:








































