Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ այսօր կրկին պայթեցվել է Եգիպտոսից Իսրայելին ու Հորդանանին գազ մատակարարող խողովակաշարը: Reuters-ի հաղորդմամբ՝ սա արդեն 14-րդ պայթյունն է այն բանից ի վեր, ինչ անցած տարի սկսվեց նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ ապստամբությունը:
Պայթյունը տեղի է ունեցել հյուսիսային Սինայիի Ալ-Արիշ քաղաքի մոտակայքում: Reuters-ի փոխանցմամբ՝ քաղաքի բնակիչները լսել են պայթյունի ձայնը:
Առայժմ ոչ մի խումբ իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Անվտանգությունը Սինայիում թուլացել էր այն բանից հետո, երբ Մուբարաքը 2011 թվականին հեռացել էր իշխանությունից:
Գազատարը փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունից հետո դեռևս փակ էր:
Եգիպտոսի գործարքը Իսրայելի հետ՝ գազի մատակարարման շուրջ, քննադատության է արժանանում շատ եգիպտացիների կողմից, քանի որ նրանց կարծիքով՝ Իսրայելը բավականաչափ չի վճարում վառելիքի համար:
Նախկին պայթյունների պատճառով գազամուղը երբեմն շաբաթներ շարունակ փակ է մնացել:











































