ԱՄՆ-ը Սիրիային զգուշացրել է, որ չի կարող խաբել աշխարհին և չհանել զորքերը քաղաքներից: Հիշեցնենք, որ ընդդիմադիրների հաղորդմամբ՝ շաբաթ օրը Սիրիայում մահացել է 100 մարդ, որոնցից առնվազն 87-ը՝ խաղաղ բնակիչներ:
Associated press-ը հաղորդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անցած շաբաթ ընդունել էր Արաբական Լիգայի և ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը, որով պարտավորվում է դադարեցնել կրակն ու զորքերը հանել քաղաքներից մինչև երեքշաբթի օրը: Այս քայլը պետք է իշխանության և ընդդիմության միջև երկխոսության հնարավորություն ընձեռի:
Այնուամենայնիվ, Արևմուտքը կասկածում է Ասադի մտադրությունների անկեղծությանը, քանի որ վերջինս նախկինում էլ չի կատարել իր խոստումները: Սիրիայում ԱՄՆ դեսպանը ուրբաթ օրը համացանցում տեղադրել էր նկարներ` ասելով, որ չի հավատում Սիրիայի իշխանության՝ զորքերը քաղաքներից հանելու մտադրությանը:








































