Օրը մի մեծ ու անանց խորհուրդ ունի միայն. երեկոյան ավարտվում է Ավագ շաբաթը և սկսվում աշխարհի ամենամեծ ու ամենակարևոր տոներից մեկը. Սուրբ Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Մնացյալն անկարևոր են ու անցավոր:
Ավարտվում է Ավագ շաբաթը, որի ընթացքում, Հովհան Ոսկեբերանի խոսքով. «…տրորվեց և ոտնահարվեց մահը, ջնջվեց մեղքը, փշրվեցին երդումն ու դրախտի փականը, կոտրվեց երկնքի անմատչելիությունը, մարդիկ մերձեցան հրեշտակներին, հեռացվեց բաժանության պատնեշը, զավթվեցին անջրպետող սահմանները, Աստված աշխարհում հաշտեցրեց երկնայինն ու երկրայինը», ու սկսվում է Սուրբ Զատիկը, որն ինչպես զատվելու խորհուրդն ունի իր մեջ, այնպես էլ ըստ Գրիգոր Տաթևացու` որպես Ազատություն է թարգմանվում:
Զատվել մեղքից, մահից, անցավորից և վերադառնալ առ Աստված, քանզի այնտեղ է` ՆՐԱ մոտ, իրական ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ, ՄՆԱՅՈՒՆԸ:
Կյանքի իմաստն, ի վերջո, յուրաքանչյուր մահկանացուիս համար մարդ-Արարիչ, Արարիչ-մարդ, մարդ-մարդ հարաբերությունների իմաստը հասկանալը, գիտակցելն ու ներդաշնակության հասնելն է:
Սուրբ Զատկին նախորդած երեք օրերն, ի վերջո, մարդկության պատմության մեջ ամենածանր, ամենադաժան ու ամենասև օրերն են եղել: Դրանք այն օրերն էին, երբ Հիսուսը Երկրի վրա չէր արդեն` որպես մեկը մեզնից և ոչ էլ դեռ Երկնքում էր` Հոր կողքին:
Ու եթե մարդը, որն իր էությամբ հավերժական գոյ է, դիմացել է այդ փորձությանը, այլևս որևէ փորձություն նրան չի կարող ծնկի բերել:
Նույնը և` ժողովուրդների դեպքում, քանզի ասված է նաև. «Այն ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով` տեսավ մեծ լույս. ձեզ համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ` լույս պիտի ծագի» (Եսայի 9, 2):
Այնպես որ` խաղաղ, մաքուր և սիրով ողջունենք միմյանց մեծ Ավետիսի օրը.
– Քրիստոս հարյավ ի մեռելոց:
– Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Այդին Մորիկյան
«Ժամանակ Երևան», 2008թ.









































