Հին գլադիատորների համազգեստով մի խումբ տղամարդիկ շաբաթ օրը բարձրացել են Կոլիզեյի վրա` բողոքելով Հռոմի քաղաքային վարչության դեմ, որը արգելել է իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում է TMNews-ը:
Չորս «գլադիատորներ», ովքեր ապրուստի միջոց են վաստակում` զբոսաշրջիկներին առաջարկելով նկարվել իրենց հետ, ցուցանակներով բարձրացել են հին հռոմեական հայտնի ամֆիթատրոնի վրա: Ցուցանակների վրա գրված է եղել. «30 հռոմեական ընտանիքներ այսօրվանից առանց հացի կմնան», «Մենք ուղղակի ուզում ենք աշխատել և օրինականացված լինել»:
Ներկա պահին «գլադիատորներն» իջել են Կոլիզեյի վրայից, սակայն շարունակում են մնալ դրա մերձակայքում:
Հռոմեական իշխանությունները «գլադիատորների» «աշխատանքն» անօրինական են համարում և հատուկ դեկրետ են ընդունել, որը արգելում է նրանց գործունեությունն ապրիլի 8-ից:
Նշենք, որ «գլադիատորների» հետ նկարվելու միջին գինը 15-20 եվրո է:










































