Սերժ Սարգսյանը պետք է ձեռնպահ մնար խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, քանի որ երկրի նախագահն է, և նրա մասնակցությունն այս գործընթացին հակասում է Սահմանադրության հիմքում դրված իշխանության տարանջատման սկզբունքին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Ես դեռ ամիսներ առաջ էի ասում, որ չափազանց մեծ սխալ կլինի, եթե Սերժ Սարգսյանը, իջնելով իր նախագահական բարձունքից, մխրճվի խորհրդարանական մանդատների համար պայքարի մեջ: Ես այդ իրավիճակը նմանեցնում էի պատմությունից հայտնի դրվագներից մեկին, երբ կայսր Կոմոդը, թողնելով իր կայսերական պոդիումը, գլադիատորական մարտերին մասնակցելու նպատակով ամֆիթատրոնից իջնում է արենա: Բոլորը գիտեն, թե ինչ ավարտ դա ունեցավ: Եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է գլխավորել ՀՀԿ նախընտրական քարոզարշավը, նշանակում է՝ իշխող կուսակցությունը որոշել է զոհաբերել նրա վարկանիշը՝ հանուն ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը պահպանելու: Սա բարդացնելու է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ վերընտրվելու հնարավորությունները»,- ասաց քաղաքագետը:
Նշենք, որ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավին կմասնակցի և այն կգլխավորի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:








































