Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, ով այսօր Մոսկվա էր ժամանել` մասնակցելու հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը, իրեն վատ է զգացել: Դերասանի մոտ առողջական խնդիրները սկսվել են Россия դահլիճում տեղի ունեցող Armenia Music Awards մրցանակաբաշխությունից առաջ:
Դելոնի համար շտապ օգնություն են կանչել: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ դերասանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, բայց, այնուամենայնիվ, Ալեն Դելոնը դուրս է եկել բեմ` ստանալու «Լեգենդ» հատուկ մրցանակը:
Ալեն Դելոնը, դիմելով հանդիսատեսին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նաև հավելել է, որ, չնայած վատ զգացողությանը, մեծ հաճույքով է գտնվում դահլիճում:
Ելույթից հետո Դելոնը հեռացել է դահլիճից: Ըստ աղբյուրի՝ «նա համերգասրահը լքել է վատ ինքնազգացողությամբ»: Վաղը ժամը 06:00-ին Ալեն Դելոնը մեկնելու է Մոսկվայից:
Կինոաստղը ժամանել էր Մոսկվա` չնայած առողջության հետ կապված խնդիրներին: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից ապրիլի 5-ին:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Armenia Music Awards անվանումով։ Ավելի վաղ այն կոչվել է «Անելիք», այնուհետև՝ «Տաշիր»: Մրցանակը Հայաստանի երաժշտական կյանքի գլխավոր իրադարձություններից է:










































