Քեմբրիջի համալսարանի ուսանողների թիավարման թիմը հաղթել է Օքսֆորդի համալսարանի ուսանողներին՝ բրիտանական մայրաքաղաքում Թեմզա գետի վրա տեղի ունեցող ամենամյա մրցույթում:
Հաղթող թիմը 17 րոպե 32 վայրկյանում անցել է 6,8 կմ:
Թիավարման մրցույթը կանգնեցվել է Թեմզա գետում հայտնված լողորդի պատճառով, ով նավակներին այնքան մոտ է լողացել, որ Օքսֆորդի թիավարները հազիվ չեն վնասել նրա գլուխը:
Այն պահին, երբ մրցավազքը կանգնեցվել է, Օքսֆորդի ուսանողներն առաջ են եղել Քեմբրիջի ուսանողներից:
Մրցավազքը վերսկսվել է, սակայն քիչ ժամանակ անց կրկին կանգնեցվել է, քանի որ մասնակիցների նավակները շատ են մոտեցել իրար:
Մրցավազքի ավարտից հետո բժիշկները ստիպված են եղել օգնություն ցուցաբերել Օքսֆորդի ուսանողներից մեկին, ով իրեն վատ է զգացել:
Այս տարի ֆավորիտ էր համարվում Օքսֆորդի համալսարանի «ութնյակը»: Բուքմեյքերական ընկերություններում խոշոր գումարներ էր դրվել հենց այս թիմի վրա: Սակայն հաղթանակ են տարել Քեմբրիջի ուսանողները, ովքեր ընդհանուր առմամբ հաղթել են 81 մրցավազքում, իսկ նրանց մրցակիցները` 76–ում:
Ամեն տարի բրիտանական հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակմամբ ցույց են տալիս թիավարման մրցույթն աշխարհի մոտ 200 երկրներում, որին հետևում են մի քանի միլիոն հեռուստադիտողներ:









































