ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի հիշատակ Ռուանդայի ցեղասպանության տարելիցի: «ԱՄՆ-ը մյուս երկրների հետ հիշում է Ռուանդայում 18 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը, որին 100 օրում զոհ գնաց ավելի քան 800 հազար մարդ,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ, որը տեղադրված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: – Մենք ցավակցում ենք ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկի զոհերի մերձավորներին և բարեկամներին»:
Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև ԱՄՆ կառավարության գործադրած ջանքերի մասին՝ այդ երկրի առողջապահության, գյուղատնտեսության և կրթության բնագավառներում դրությունը կայունացնելու ուղղությամբ:
«Մենք հարգում ենք ողբերգության զոհերի հիշատակը և կարևոր ենք համարում հարաբերությունների զարգացումը մեր երկրների, ԱՄՆ-ի և Ռուանդայի կառավարությունների միջև, որոնց ընդհանուր նպատակն է մեր բնակիչների համար ազատության, խաղաղության և արդարության ապահովումը»,- ասվում է հայտարարության տեքստում:
Հիշեցնենք, որ 1994թ. Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով, տարբեր գնահատականներով, զոհվել է 800 հազարից մինչև 1 մլն մարդ:











































