Նախ` Երկրապահ կամավորականների միությունը, իսկ հետո նաև Ազատամարտի վետերանների միությունը (ԱՎՄ) հայտարարեցին ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
Թե՛ ԵԿՄ-ն, թե՛ ԱՎՄ-ն, այսպես ասած, զինվորականացված կառույցներ են, որոնցում ներգրավված են մարդիկ, որոնց մի մասը դե յուրե, իսկ մյուս մասն էլ դե ֆակտո զինվորականներ են: Այսինքն` մի մասը շարունակում են տարբեր պաշտոններ զբաղեցնել ոստիկանությունում կամ բանակում, իսկ մյուս մասն էլ Ղարաբաղի պատերազմով անցած մարդիկ են, ովքեր ներկայումս իրենց կյանքով քաղաքացիական, բայց հոգեբանությամբ զինվորական տիրույթում են: Ահա այդ երկու կառույցները հայտարարել են իշխանությանը սատարելու մասին: Սա զարմանալի չէ: Հայաստանում, պատերազմի բովով անցած հանրային սեգմենտը կամ մատնվել է մոռացության, կամ միշտ էլ, այսպես ասած, կազմակերպվել իշխանության օգտին: Այդպես է եղել հրադադարից հետո բոլոր տարիներին, միշտ: Եվ դա Հայաստանի պետականության հիմնարար արատներից ու բացթողումներից մեկն է: Դրա հետևանքով պատերազմի հաղթանակն ապահոված սեգմենտը վերածվել է դեստրուկտիվ տարրի, որը խաղաղության գործընթացում որևէ կերպ չի կարողանում պետք գալ երկրին, պետությանը, այլ կամա, թե ակամա ծառայում է միայն իշխանություններին:
Ընդ որում` այդ մարդկանցից շատերը, թերևս, դա անում են առանց իսկ խորապես պատկերացնելու իրավիճակի նրբությունը, ընդամենը նույնականացնելով իշխանությանն ու պետությանը, և այդպիսով հայտնվելով թե՛ սոցիալական, թե՛ զուտ մարդկային կոլապսի մեջ: Սոցիալականն, իհարկե, նյութական իմաստով չէ, քանի որ նյութական իմաստով այդ մարդիկ ապահովված են, իշխանությունը նրանց վարձահատույց է լինում աջակցության դիմաց՝ պաշտոններ, բիզնեսներ շնորհելով: Սոցիալականը տվյալ դեպքում սոցիալական կարգավիճակի իմաստ ունի, երբ այդ սեգմենտը չի կարողանում պատերազմից հետո կյանքում գտնել իր տեղը և ստիպված է տեղ փնտրել իշխանության մերձակայքում: Մինչդեռ դրա կարիքը պետք է չլիներ բացարձակապես: Այսինքն` պատերազմի հաղթանակի, այսպես ասած, առաջնային, ճակատային, գործնական հատվածի պատասխանատվությունն արդյունավետորեն կրած մարդիկ պետք է քաղաքացիական, խաղաղության գործընթացում ստանային այդ արդյունավետ և արժանապատիվ պատասխանատվությանը համարժեք մի դեր, որը սակայն ամենևին չէր ենթադրում այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի սատարում: Այդ դերը պետք է, թերևս, ենթադրեր ավելին՝ արբիտրի, հանրային արբիտրի կարգավիճակի ստանձնում: Այստեղ խնդիրն ամենևին այն չէ, որ պետք է լիներ մի ռազմականացված ինկվիզիցիա, որը պետք է փոխարիներ Սահմանադրությանն ու օրենքներին կամ հանդիսանար դրանցից վեր կանգնած ատյան, որը որոշում է՝ ում արածն է սահմանադրական, ում արածն է անօրեն: Ամենևին դա պակաս վտանգավոր չէ, քան այն, ինչ նրանք կատարում են այժմ և արդեն մոտ երկու տասնամյակ: Խնդիրն այստեղ այն է, որ պատերազմի հաղթանակի կրող մարդկային կատեգորիան պետք է Հայաստանում ստանձներ այդ հաղթանակի բարոյական պաշարին համարժեք հասարակական արժեհամակարգ սահմանելու առաքելություն: Սահմանելու, ոչ թե պարտադրելու: Սահմանելու, և դրա համար, դրա հանրային լեգիտիմության և ընդունման համար պայքարելու առաքելություն, երբ հաջողության դեպքում դա կլիներ հասարակական ճնշում թե՛ բոլոր քաղաքական ուժերի, թե՛ առաջին հերթին իշխանության վրա:
Այլ կերպ ասած` ազատամարտի, Ղարաբաղի պատերազմի հաղթանակ կերտած սեգմենտը պետք է դառնար ոչ թե նախընտրական հավանություններ կամ աջակցություն բաժանող, այլ ընդհանրապես հասարակական ու պետական կյանքի արժեքներ ու բարոյական նորմեր առաջարկող շերտ, որը կունենար հասարակական ծանրակշիռ դերակատարում ոչ միայն ընտրական գործընթացների ժամանակ, այլ ընդհանրապես պետական կյանքում: Սակայն դրա փոխարեն, պատերազմով անցած հանրույթի ներկայացուցիչները կա՛մ մոռացվեցին, կա՛մ զանազան կազմակերպությունների և նախաձեռնությունների ֆորմատով ծառայության անցան իշխանությանը` դառնալով քաղաքական շահարկումների և խաղարկումների օբյեկտ: Սա, թերևս, հայկական անկախ պետականության ամենամեծ կորուստներից մեկն է, ընդ որում` ոչ միայն ներքին կյանքի, այլ նաև արտաքին հարաբերությունների, արտաքին քաղաքականության իմաստով:
Բանը միայն այն չէ, որ այդ սեգմենտը կարող էր հաղթանակի թելադրած մթնոլորտի հիմքի վրա դառնալ հանրային բարոյականության լոկոմոտիվներից մեկը: Այդ սեգմենտը կարող էր դառնալ նաև լրջագույն գործոն արտաքին քաղաքական հարցերում պետական և ազգային շահերի սպասարկման գործում: Քիչ պետություններ կան, որ կարող էին իրենց թույլ տալ ունենալ այդօրինակ գործոն, հասարակական այդօրինակ շերտ, որը վայելում է ապաքաղաքական մեծ հեղինակություն և դրանով հանդերձ հանդիսանում է արտաքին քաղաքական ծանրակշիռ տարր պետական սուբյեկտության շրջանակում: Սակայն Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական դասը, քաղաքական այրերը այդօրինակ խնդիր իրենց առաջ չդրեցին թե՛ անկախության արշալույսին, թե՛ ընթացքում և թե՛ ակնհայտորեն չեն դրել այժմ, ինչի վկայությունն է այն, որ ազատամարտի մասնակիցները կրկին հոծ խմբերով ներգրավվում են իշխանության քաղաքական շահերի սպասարկման տիրույթ, հերթական անգամ հիասթափեցնելով հասարակությանը:
Սպասել, որ պետական շահի պահանջներին համարժեք այդ խմորումը տեղի կունենա առկա կառույցների և կազմակերպությունների շրջանակում, կամ թեկուզ հենց պատերազմն անցած հանրային սեգմենտի շարքերում, թերևս իրատեսական չէ, քանի որ այդ մարդկանց մի մասն այսօր անհույս հիասթափված է, մյուս մասն էլ անհույս հարստացած: Քիչ հույս կա նաև քաղաքական համակարգից, որովհետև այստեղ ընդամենը գերիշխում է մրցակցություն, թե ով է ավելի շատ օգտագործելու այդ սեգմենտը սեփական քաղաքական նպատակների համար: Ըստ ամենայնի, այստեղ խնդիրը հասարակությանն է, որովհետև այդ սեգմենտը իրականում հասարակական պետական հարստություն է, որը սակայն ներկայումս վատնվում է անխնա: Հասարակությունը պետք է փորձի տեր կանգնել իր այդ հարստությանը, մաքրել այն անկախության տարիներին պատած կոռոզիայից և ծառայեցնել քաղաքացիական ու պետական խնդիրների լուծմանը, որին ծառայում են հասարակության արդիական բոլոր շերտերը: Սա Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջ կանգնած գլխավոր, ռազմավարական խնդիրներից մեկն է, որը պահանջում է շուտափույթ լուծում, քանի դեռ հարստությունը չի մսխվել վերջնականապես:








































