Ազավադի ազատագրման ազգային շարժման (ԱԱԱՇ) ապստամբները Մալիի հյուսիսում տուարեգների պատմական շրջանը՝ Ազավադը, հռչակել են անկախ պետություն:
«Մենք այսօրվանից պաշտոնապես հռչակում ենք Ազավադի անկախությունը»,- ասել է ԱԱԱՇ ներկայացուցիչ Մուսու Ագ Աթահերան France 24հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքերով՝ նոր պետությունը կճանաչի հարևան պետությունների գործող սահմանները: «Մենք հենց նոր ավարտեցինք հանուն ազատության շատ կարևոր պայքար…»,- ասել է նա:
Աթահերը նաև դատապարտել է երեկ Մալիի Գաո քաղաքում Ալժիրի հյուպատոսարանի վրա հարձակումը, որի հետևանքով Ալժիրի հյուպատոսը և դիվանագիտական ներկայացուցչության 7 աշխատակիցներ տարվել են անհայտ ուղղությամբ:
Հիշեցնենք. երեկ զինված իսլամիստները Գաո քաղաքում գրավել են Ալժիրի հյուպատոսարանը, իջեցրել այդ երկրի դրոշը և փոխարենը բարձրացրել սալաֆիների խորհրդանիշը:









































