Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական դպրոցներից մեկում շիիզմի դասընթացները կարող են ավարտվել դատական հնչեղ գործընթացով: Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանի դպրոցներից մեկում նորամուծություն էր մտցվել:
Դպրոցի տնօրեն Դուրմուշ Ալի Էտբաշը մշակույթ ու կրոն դասավանդողներին արտոնել էր բաց դասի հրավիրել շիիզմ քարոզող կրոնական գործչի: Աստվածաբան Բայրամ Դալգան 7-րդ դասարանի աշակերտներին բացատրել էր ջաֆարիզմի ու ալավիզմի հիմքերը:
Դա սվիններով է ընդունվել Թուրքիայի կրթության նախարարության կողմից, ինչի կապակցությամբ Դալգան հայտարարել է, որ դա իր հանդեպ անարդարացի վերաբերմունք է. «Դպրոցում դասավանդելն իմ գաղափարը չէ, ինձ այնտեղ հրավիրել է ուսուցիչներից մեկը: 35 րոպեի ընթացքում ես բացատրեցի ջաֆարիզմի հոսքերի էությունը:
Ես սովորական էի հագնվել և միայն դասի վերջում հագա մզկիթում խութբա կարդալու ժամանակ նախատեսված հագուստը՝ երեխաներին ցույց տալու համար: Երեխաները խնդրեցին ինձ լուսանկարվել իրենց հետ՝ հիշատակի համար: Ոչ ոք դա չպետք է ընկալի որպես պետության աշխարհիկ կարգի դեմ ոտնձգություն»:
Այժմ նրա դեմ կարող է հարուցվել քրեական գործ: Դպրոցում տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կրթության նախարարությունը նոր («4+4+4») կրթական համակարգին համապատասխան՝ ներդրել է Իսլամի մասին նոր առարկա:











































