Իտալական «Միլան» և «Նապոլի» ակումբները միացել են «Վալենսիա»-ի ձախ եզրային Խորդի Ալբայի ծառայությունների համար մղվող պայքարին: Այդ մասին իտալական լրատվամիջոցներին անձամբ հաղորդել է 23-ամյա իսպանացի ֆուտբոլիստի գործակալ Վիսենտե Ֆորեսը:
«Ես կարող եմ հաստատել, որ շփման եզրեր ենք գտել «Միլան»-ի ղեկավարների հետ: Առայժմ բանակցությունները ոչ ամբողջ խորությամբ ենք վարել, սակայն 1-ամսյա ժամկետում կհանդիպենք «ռոսսոներիներ»-ի տնօրեն Արիեդո Բրաիդայի հետ: Նշեմ նաև, որ «Նապոլի»-ն նույնպես հետաքրքրված է Խորդիի ծառայություններով, և որոշակի բանակցություններ ենք վարել նաև նեապոլցիների հետ: Մարզիկի նկատմամբ ցուցաբերած այս պահանջմունքը նորմալ եմ համարում, քանի որ խոսքը շատ ուժեղ երիտասարդ ֆուտբոլիստի մասին է, ով փայլուն ապագա կարող է ունենալ:
Ցանկանում եմ ընդգծել, որ Ալբայի գերազանց խաղը գրավել է նաև «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարների ուշադրությունը»,- ասել է գործակալը:







































