Ի պատասխան չորս կուսակցությունների համաձայնության՝ ստեղծել ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, Հանրապետականը առաջ է քաշում խորհրդարանական այդօրինակ հանձնաժողովի ստեղծման գաղափարը: Դրա մասին հայտարարել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Նիկոյանը ղեկավարում էր Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովը: Դատելով այդ հանձնաժողովի եզրակացություններից և աշխատանքի արդյունքից՝ կարելի է պատկերացնել, թե Նիկոյանի նախաձեռնած նոր հանձնաժողովը ինչպես է վերահսկելու ընտրությունների և ընտրական գործընթացի օրինականությունը: Առավելագույնը, որ իր հանձնաժողովով կարող է անել Սամվել Նիկոյանը, այն է, որ, ասենք, ընտրակեղծիքները կարող է վերագրել խոճկորների և այլ չորքոտանիների, որոնց, բնականաբար, պատիժ չի հասնում: Չէ՞ որ Նիկոյանի հանձնաժողովում էր, որ հրավիրվածները մարտի 1-ի սպանդի դաժանության հետքերը՝ մարդկային ծնոտի կադրերը, վերագրում էին տարբեր չորքոտանիների:
Հիմա Մարտի 1-ն այդպես ուսումնասիրած ԱԺ նախագահը պատրաստվում է Ընտրական օրենսգրքի խախտումներն ուսումնասիրել: Նա հայտարարել է, թե խորհրդարանում ներկայացված ուժերը և ընտրական գործընթացի մասնակից կուսակցությունները համաձայնություն են տվել այդպիսի հանձնաժողովի ստեղծման գաղափարին: Թե ինչ են ակնկալում խորհրդարանական ուժերն այդ հանձնաժողովից՝ դժվար է ասել: Ի վերջո, նրանց համար առավել քան պարզ պետք է լինի, թե ինչպիսին է Հայաստանում խորհրդարանական որևէ կառույցի և ընդհանրապես խորհրդարանի արդյունավետությունը հասարակական-քաղաքական գործընթացներում:
Ինչպե՞ս կարող է խորհրդարանը, որը իշխանության հակասահմանադրականության դակիչն է, նպաստել ազատ և արդար ընտրական գործընթացի անցկացմանը: Պարզ չէ՞ արդյոք, կամ ո՞ւմ համար պարզ չէ, որ խորհրդարանի այդ հանձնաժողովն ընդամենը հանդիսանալու է նախընտրական շոուի տարր կամ էլ պարզապես շարունակելու է դակիչի իր գործառույթը՝ ձևական և առավելապես բովանդակազուրկ արձանագրումներով լեգիտիմացնելով խորհրդարանի առաջիկա ընտրությունը:
Հայաստանի քաղաքական ուժերը պետք է որ ունենան ներկայիս խորհրդարանին չվստահելու բազմաթիվ, հարյուրավոր հիմնավոր պատճառներ՝ դրանք ի ցույց դնելու և Հայաստանի խորհրդարանում ստեղծվելիք, այսպես ասած, նիկոյանական նոր հանձնաժողովի գաղափարը մերժելու համար: Ավելին, նիկոյանական հանձնաժողովի հանդեպ քաղաքական ուժերի և հասարակական կառույցների դիրքորոշումը, որոնց Նիկոյանը ևս առաջարկում է մտնել հանձնաժողովի մեջ, կհանդիսանա խորհրդարանի ընտրության հանդեպ այդ ուժերի և կառույցների իրական մտադրության և նպատակների յուրօրինակ լակմուսի թուղթ կամ, այսպես ասած, ինդիկատոր:









































