ՀՀ քաղաքացին կարիք ունի փոփոխությունների և ընտրությունների գնում է այլ տրամաբանությամբ՝ ի տարբերություն 2007 թվականի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
«Մարդիկ հոգնել են այս իշխանություններից, նրանց ինքնագիտակցությունը բարձրացել է: Նրանք քաղաքային առևտրի՝ ընտրակաշառքների կարիք մեծամասամբ չունեն, բայց եթե անգամ ունեն՝ խիստ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դրդված:
Ընտրողներն ուզում են իրենց ձայնը տալ իրենց կողմից վստահված թեկնածուներին, բայց իմ դիտարկումներով՝ նորմալ ընտրությունների անցկացման մասին դժվար է խոսել: ՀՀԿ գրասենյակներում ընտրողներին արդեն ձու ու գինի են բաժանում, անվճար հիմունքներով բժշկական ծառայությունների հերթագրում»,- ասաց նա:
Անդրադառնալով ընտրացուցակների ուռճացվածությանը՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ կեղծիքների մասին իրենք գիտեին դեռ 2007-ին և 2008-ին: «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ ընտրողների ընդհանուր թվի հրապարակմամբ, մենք համոզվեցինք, որ սկսում են ընտրակեղծիքների մեխանիզմներ գործել, երբ ապօրինի ճանապարհով անձնագիր ձեռք բերելու հնարավորություն ունեցող անձինք կարողանում են քվեարկել Հայաստանից բացակայող ընտրողների փոխարեն:
Մարդկանց մեջ վախի մթնոլորտ սերմանելու քաղաքականություն է տարվում, ընտրողներին ստիպում են ընտրությունների ժամանակ քվեարկել իշխանության օգտին: Փաստորեն հաղթում է բիրտ ուժը: Այս պայմաններում վստահել իշխող վարչակարգին, կնշանակի դավաճանել պետությանը»,- ասաց ՀԱԿ անդամը:










































