«Երկիր»-ը գրում է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրակաշառքների մասին տեղեկությունները գնալով շատանում են, այդ թվում` նաև զավեշտալի դեպքերը:
«Երեկ երեկոյան մեր թղթակցի բնակարան է այցելել մի երիտասարդ և միանգամից գործի անցել. «Բարև, քուր ջան: Ես Հանրապետական կուսակցությունից եմ: Մեկ պասպորտի դիմաց` 8 հազար դրամ»: Թղթակցի հարցին` իսկ եթե ես այլ կուսակցության եմ հարո՞ւմ, երիտասարդը «հանճարեղ» պատասխան է տվել. «Դե ինչ ասեմ, քուր ջան, դու գիտես: Ազատ, ժողովրդական էրգիր ենք»:
Փաստորեն, ՀՀԿ-ական երիտասարդը գիտի, որ ժողովրդավարական երկրում ենք ապրում, բայց չգիտի, որ այդ ժողովրդավարական երկրում ամեն ոք ազատ ընտրության իրավունք ունի, և ավելորդ է ինչ-որ բան առաջարկելն ու պարտադրելը»,- հավելում է թերթը:











































