Այսօր Ղազախստանում ռուսական արբանյակների համատեղ օգտագործման հարցը կքննարկեն ԱՊՀ երկրների գլխավոր շտաբների պետերը: RIA-Novosti-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Մեծ ուշադրություն է դարձվելու ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը Ռուսաստանի զինված ուժերի տիեզերական հնարավորությունների և սոցիալ-տնտեսական նշանակության արբանյակների համատեղ օգտագործման հարցում` ի շահ Համագործակցության մասնակից երկրների զինված ուժերի»,- ասել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Կողմերը նաև կքննարկեն համատեղ ռադիոլոկացիոն համակարգի ստեղծման հարցը: «Նախատեսվում է քննարկում 2013թ.-ին ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի կողմից համատեղ գործողությունների ցանկի շուրջ»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը:
«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ այդ քննարկմանը մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը, որը 2012թ. ապրիլի 3-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա:









































