Տարի չկա, որ ՀՀ-ում անասունների հիվանդությունների՝ աֆրիկյան ժանտախտի, դաբաղի, բրուցելիոզի հետ խնդիրներ չլինեն: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը՝ շեշտելով, որ իրավիճակը մեր երկրում չի կայունանում, և գյուղացիները պետք է զգույշ լինեն:
«Մեկ անգամ պետք է լուրջ միջոցառում արվի ու տեմպը պահպանվի, որը չի արվում: Մասնագիտական մոտեցումների խնդիր կա: Այն մասնագետները չեն զբաղվում գյուղատնտեսությամբ, որոնք պետք է զբաղվեն»,- ասաց Հ. Բերբերյանը:
Նա հիշեցրեց, որ անորակ պատվաստանյութերի ներկրումը սկսվել է տարիներ առաջ. «Սխալ պատվաստանյութով… ավելի ճիշտ՝ վարակակիր միկրոբն էին բերել, ու Շիրակի մարզում պատվաստել էին խոշոր եղջերավոր անասուններին, և շատ մեծ անկում եղավ, բայց չխրատվեցին: Բնականաբար, անպատժելիությունը բերում է սրան»:
Կենդանիների համար պատվաստանյութերը հիմնականում ներկրվում են Ռուսաստանից, ԱՊՀ և ԵՄ երկրներից: Ըստ Հ. Բերբերյանի՝ եթե լուրջ ընկերություն է ներկրում, չպետք է խնդիր լինի, սակայն «ամբողջ թերութունը գալիս է գյուղնախարարության աշխատանքից»:










































