2011թ. 2010-ի համեմատ ՀՀ-ում գործազրկության մակարդակը նվազել է, իսկ զբաղվածության մակարդակն՝ ավելացել: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2011թ. գործազրկությունը եղել է 18.4%՝ 2010-ի 19.0%-ի փոխարեն, իսկ զբաղվածության մակարդակը 2011-ին եղել է 51.4%՝ 2010-ի 49.6%-ի փոխարեն:
Սակայն, գործազրկության մակարդակի նվազման հետ մեկտեղ, 2010-ի համեմատ 2011-ին նվազել է նաև աշխատանքային ռեսուրսների թիվը՝ 2 մլն 389.7 հազարից դառնալով 2 մլն 286.3 հազար մարդ: Այսինքն՝ 1 տարում ՀՀ-ից դուրս է գնացել 103.4 հազար աշխատունակ մարդ:
Թեև տոկոսային արտահայտությամբ զբաղվածության մակարդակը բարձրացել է, սակայն նախորդ տարվա համեմատ անցած տարի պակասել է նաև զբաղված բնակչության քանակը՝ 1 մլն 185.2 հազար մարդուց դառնալով 1 մլն 175.1 հազար մարդ:










































