News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պետք է երկքաղաքացիություն ստանալու հայցով դիմի արդարադատության նախարարության քաղաքացիական ռեեստրին: Այս մասին նշված է արդարադատության նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ:
Դրանում նաև նշված է. «Վրաստանի օրենսդրությունը նախատեսում է Վրաստանի քաղաքացիություն ստանալու երկու ընթացակարգ: 1) բնական ճանապարհով: Սա նախատեսված է այն անձանց համար, ովքեր չեն հանդիսանում այլ երկրների քաղաքացիներ: 2) երկքաղաքացիություն: Սա նախատեսված է այն անձանց համար, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ:
Սա նշանակում է, որ Իվանիշվիլին չի կարող Վրաստանի քաղաքացիություն ստանալ առաջին տարբերակով, քանի որ նա հանդիսանում է այլ երկրի (Ֆրանսիա) քաղաքացի: Նա պետք է դիմի ոչ թե Վրաստանի քաղաքացիություն, այլ՝ երկքաղաքացիություն ստանալու համար: Մինչդեռ Իվանիշվիլին ցայժմ տվյալ հարցով չի դիմել համապատասխան մարմիններին»:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից, որը նա ստացել էր 2004 թվականի հուլիսի 22-ին, զրկել են նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին: 2010 թվականին Իվանիշվիլին դարձել էր նաև Ֆրանսիայի քաղաքացի, սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին նա պաշտոնապես դիմել է Վրաստանում գտնվող Ֆրանսիայի դեսպանատուն՝ խնդրելով դադարեցնել իր քաղաքացիությունը:
Սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե նա ստանա Վրաստանի քաղաքացիություն, քանի որ Իվանիշվիլին չի կարող մնալ առանց որևէ երկրի քաղաքացիության: Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Իվանիշվիլին իր իսկ դիմումի համաձայն զրկվել էր նաև Ռուսաստանի քաղաքացիությունից:










































