Հայաստան ելումուտի տվյալները ոստիկանությունը ունի, և մենք պահանջում ենք ներկայացնել դրանք. այսօր Քաղաքագետների միությունում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշեց՝ եթե Հայաստանում կա որևէ մարմին, որը ճշգրտորեն տիրապետում է, թե ով է Հայաստանում մշտապես բնակվում, դա ոստիկանությունն է:
«Հետևաբար հայտարարությունը, թե՝ չունեն տվյալներ, իրականությանը չի համապատասխանում: Ինչպե՞ս է, որ տվյալներ չունեն, բայց ցանկացած մարդու վերաբերյալ կարող են ասել, թե երբ է նա դուրս եկել Հայաստանից, երբ է ներս մտել: Շատ բարձրակարգ համակարգչային փորձագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ այդ տվյալները համակարգչից հանվեն: Մենք պատրաստվում ենք նամակ-դիմում հանձնել ոստիկանապետին և բանակցելու ենք, որպեսզի մեզ միանան այլ ուժեր ևս, եթե ոչ՝ դիմումը կներկայացնենք ՀՅԴ-ի հետ միայն»,- մանրամասնեց ՀԱԿ համակարգողը:
Պարզաբանելով ՀԱԿ-ի արտաքին գովազդի հայտ չներկայացնելու պատճառը` նա ասաց, որ դա շատ թանկ է: Ըստ Լ. Զուրաբյանի` դրա համար պահանջվում են բավականին մեծ միջոցներ:
«Իսկ մենք ունենք սահմանափակ միջոցներ և չենք կարող ոտք գցել ոչ Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ»-ի, ոչ շատ այլ կուսակցությունների հետ: Հաշվի առեք, որ գործ ունեք մի ընդդիմության հետ, որը չորս տարի շարունակ ենթարկվել է զրկանքների: Մենք պետք է ճշգրիտ օգտագործենք մեր ռեսուրսները և այդ ուղղությամբ չենք մտածում»,- նշեց Լևոն Զուրաբյանը:










































