Քաղաքագետների միությունում շարունակվում է ընտրություններին ընդառաջ՝ միասնական շտաբ ձևավորելու վերաբերյալ հռչակագրի քննարկումները:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը տեսակետ հայտնեց, ըստ որի՝ հռչակագրի ներքո պետք է լինեն կուսակցությունների ղեկավարների ստորագրությունները, որպեսզի փաստաթուղթը ավելի մեծ կարևորություն ստանա, ուստի անլուրջ է այսպես քննարկել և ստորագրել:
Վարդան Օսկանյանն առաջարկեց այս հանդիպման արդյունքում մի ընդհանուր եզրահանգման գալ: «Ես լիազորված եմ՝ ստորագրելու, սակայն կարծում եմ, որ շուտ է, որովհետև ձևակերպումներ պետք է փոխվեն, այս կետի շուրջ պետք է լրացուցիչ քննարկումներ կազմակերպել: Արժե միասնական շտաբ ստեղծել և խնդիրները շատ հստակ ձևակերպել: Օրինակ` ընտրողներին ավտոբուսով բերում են ընտրատեղամաս, բայց մենք չենք կարող ստիպել, որ չօգտագործվեն ավտոբուսներ։ Հնարավոր է՝ կոպիտ բան եմ ասում, բայց շտաբի ներկայացուցիչները պետք է հետևեն այդ ավտոբուսին:
Շատ է խոսվում այն մասին, որ ընտրողը քվեարկելուց հետո նկարում է, որպեսզի հաստատի քվեարկելու փաստը, հնարավոր է՝ շտաբը հանձնարարի, և ներկայացուցիչը հետևի՝ իմանալու համար օգտագործվո՞ւմ է տեսախցիկ, թե՞ ոչ: Սրան նույնպես կարող ենք հետևել: Ես առաջարկում եմ այս մեխանիզմների մասին խոսել»,- մեկնաբանեց Վարդան Օսկանյանը:
Երկար քննարկումներից հետո հինգ ուժերից միայն չորսը համաձայնություն հայտնեցին ստորագրել մեկ նախադասությամբ ձևակերպված փաստաթուղթը, որը հետո պետք է ուղարկվի այլ ուժերի` կոչ անելով միանալ նախաձեռնությանը:
ՀՀԿ ներկայացուցիչ Գ. Սահակյանն իր անհամաձայնությունը մեկնաբանեց՝ ասելով, որ այդ շտաբն Աժ-ում արդեն գործում է: Ըստ նրա` Աժ-ում ցանկացած հարց լսումների կվերածվի, իսկ այս շտաբի դեպքում միայն գնահատականներ կարող են հնչել:
«ԱԺ-ի առավելությունները կարող ենք օգտագործել: Մենք դա քննարկել ենք խորհրդարանական ուժերի հետ, սակայն այլ ուժերի ևս այս մասին նամակներ կուղարկվեն. այստեղ ոչ մի քաղաքական ուժ առավելություն չի ունենա»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Այս տարբերակին դեմ էր Լևոն Զուրաբյանը, իսկ քաղաքագետ Հ. Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարանն իր լիազորությունները արդեն ավարտում է, ուստի այդ տարբերակը նպատակահարմար չէ:
Վարդան Օսկանյանի կարծիքով` երկու շտաբները կարելի է համատեղել:
Գալուստ Սահակյանը լքեց քննարկումը՝ ճիշտ չհամարելով նման փաստաթղթի ներքո ստորագրել՝ այն դեպքում, երբ իր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ից ներկայացուցիչ չկա քննարկմանը:
Այս պահին չորս քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները պատրաստվում են ստորագրել մեկ միասնական շտաբ ստեղծելու վերաբերյալ հռչակագրի նեքո: Իրենց համաձայնությունն են հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ անդամ՝ Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Քննարկմանը ներկա ուժերի համաձայնությամբ փաստաթուղթը պետք է ուղարկվի բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի նրանք ևս միանան:









































