ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սկսել են քննարկել համատեղ հայտարարության տեքստը, որով պաշտոնական Դամասկոսից պահանջվում է դադարեցնել ռազմական գործողությունները նախօրոք սահմանված ժամկետում՝ ապրիլի 10-ին, իսկ ընդդիմությանը՝ դրան հաջորդող 48 ժամվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ըստ փաստաթղթի՝ Սիրիայի իշխանությունները պետք է «անհապաղ» կատարեն իրենց պարտականությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով:
Եթե մինչև նախատեսված ժամկետը բախումները չդադարեն, ՄԱԿ-ի ԱԽ-ն «կուսումնասիրի ցանկացած անհրաժեշտ միջոցառումներ ձենարկելու հավանականությունը»:
RIA Novosti-ն իր հերթին նշում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ուսումնասիրում է Սիրիա շուրջ 250 անզեն անձանցից բաղկացած պատվիրակություն ուղարկելու հավանականությունը, որը պետք է վերահսկի, թե ինչպես է իրականացվում կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը:
Հիշեցնենք. Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում են զինված բախումները ընդդիմության և իշխանությունների միջև: Այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 9000 մարդ: Օրերս Դամասկոսն իր համաձայնությունը տվեց Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին, որով հակամարտող երկու կողմերից պահանջվում է դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի իշխանությունները սկսել են դուրս բերել զորքերը քաղաքներից:











































