Իսրայելի հնէաբանության վարչության աշխատակիցները (Israel Antiquities Authority) Երուսաղեմի հին շուկայից առգրավել են հին եգիպտական սարկոֆագների երկու կափարիչներ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Վարչության տեղեկատվության համաձայն՝ ծեփով պատված կափարիչները սղոցվել են երկու մասի, որի հետևանքով սարկոֆագներին անուղղելի վնաս է հասցվել: Սարկոֆագները զարդարված են հիերոգլիֆներով և զարդանկարներով:
Վարչության աշխատակիցների կարծիքով՝ սարկոֆագներից մեկը թվագրվում է մ.թ.ա 16-14-րդ դդ., իսկ մյուսը` մ.թ.ա.10-8-րդ դդ.: Ենթադրվում է, որ սարկոֆագների մասերը յուրացվել են անօրինական ճանապարհով՝ եգիպտական դամբարանի թալանման արդյունքում: Սկզբում դրանք զարտուղի ճանապարհով տարվել են Դուբայ, որից հետո հայտնվել են Իսրայելում:
Չի հաղորդվում, թե կոնկրետ երբ են գողացվել կափարիչները: Ներկայում իսրայելական իշխանությունները որոշում են սարկոֆագների կափարիչները Եգիպտոսին հանձնելու հարցը:










































