Արիզոնա նահանգի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հաստատել է մի օրինագիծ, որի համաձայն՝ վիրավորական արտահայտություններն ինտերնետում համարվելու են հանցագործություն: The New American-ի փոխանցմամբ՝ վիճելի փաստաթուղթը պետք է ստորագրի նահանգապետ Ջանիս Բրյուերը:
Օրինագիծն արգելում է «էլեկտրոնային և թվային սարքերի կիրառումը` մարդուն վախեցնելու, հետապնդելու, նյարդայնացնելու կամ վիրավորելու համար»: Ընդ որում՝ օրենքի կիրառման համար պարտադիր չի «տուժածի» վկայությունն այն մասին, որ իրեն վիրավորել են:
Մեդիայի ոլորտում աշխատող ամերիկացի ընդդիմադիրների կոալիցիան արդեն նամակ է ուղարկել նահանգապետին` խնդրելով չստորագրել օրինագիծը: Նրանք այն համարում են անհեթեթություն:
Դրա հետ մեկտեղ Արիզոնայում պատրաստվում են դիտարկել ևս մի վիճելի օրինագիծ: Կոնգրեսականներն առաջարկել են օրենսդիր մարմնի մակարդակով թույլ տալ ծնողներին կարդալ իրենց անչափահաս երեխաների SMS հաղորդագրությունները:






































