The Miss Universe կազմակերպությունը թույլ կտա, որ տրանսգենդեր Ջեննա Տալաչկովան մասնակցի Miss Universe Canada 2012 գեղեցկության մրցույթին:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը նախկինում որակազրկել էր նրան և չէր թույլատրել մասնակցել Miss Vancouver գեղեցկության մրցույթին, քանի որ նա կին չէր ծնվել:
CBS News-ը հաղորդում է, որ 23-ամյա Տալաչկովան ծնվել է տղամարդու մարմնով, բայց ինքն իրեն որպես կին է ներկայացրել՝ 4 տարեկանից սկսած: Նա հորմոնալ թերապիա է անցել 14 տարեկանից, իսկ 5 տարի անց նաև ենթարկվել է սեռափոխության վիրահատության:
Երկուշաբթի օրը կազմակերպությունը հայտնել է, որ որոշել է թույլ տալ, որ Տալաչկովան մասնակցի մրցույթին: Կազմակերպությունը դա բացատրել է նրանով, որ գեղեցկուհին համապատասխանում է Կանադայում գենդերի ճանաչման պահանջներին:







































