Իսրայելը շահագրգռված է Լիբանանի հետ ծովային սահմանի վեճը լուծելու հարցում: Այս մասին, ինչպես գրում է լիբանանյան Al-Safir թերթը, Լիբանանի ղեկավարությանը տեղեկացրել է Կիպրոսի կառավարությունը:
Նիկոսիայի իշխանությունները ցանկանում են օգնել կողմերին լուծելւո խնդիրը: Ընդ որում, իսրայելական MIGnews գործակալությունը նշում է, որ Բեյրութը չի պատրաստվում բանակցություններ սկսել՝ ո՛չ ուղղակի, ո՛չ միջնորդավորված:
Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջին շրջանում Վաշինգտոնը սկսել է ավելի լուրջ ջանքեր գործադրել Իսրայելի և Լիբանանի միջև ծովային սահմանը լուծելու հարցում: Մասնավորապես, ԱՄՆ-ը Բեյրութ է ուղարկել իր բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆրեդերիկ Հոֆին:
Հիշեցնենք. անցյալ տարվա հուլիսի 10-ին Իսրայելը սահմանեց իր տնտեսական գոտու սահմանը Միջերկրական ծովում: Դրանով որոշվում է այն տարածքը, որտեղ Իսրայելն իրավունք ունի գիտական հետազոտություններ անցկացնել, ձկնորսությամբ զբաղվել, այլ տիպի տնտեսական գործունեություն իրականացնել:
Այդ գոտին հյուսիսից սահմանակցում է Կիպրոսին և Լիբանանին: Կիպրոսի հետ համաձայնագիր է ստորագրվել սահմանների շուրջ, մինչդեռ Լիբանանը չի համաձայնել դրա հետ, քանի որ, նրա կարծիքով, իր սահմաններն ավելի հարավ են ձգվում:








































