News Georgia-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ճեպազրույցում Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է.
«Ուժի մեջ է 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի այն որոշումը, որ Վրաստանն անդամակցելու է ալյանսին: ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և չի ճանաչում Աբխազիայում և Հարավային Օսիայում անցկացված ընտրությունները: Վրաստանը կարևոր բարեփոխումներ է իրականացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:
Վրաստանը հանդիսանում է «մոդել երկիր»՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու ու ստանձնած պարտավորությունների իրագործման տեսանկյունից: Վրաստանն Աֆղանստանում հաջողությամբ մասնակցում է խաղաղապահ գործողություններին: Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները երկրի ժողովրդավարության տեսանկյունից կդառնան կարևոր փորձություն»:
Սաակաշվիլին հերթին հաստատել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտումը՝ ընդգծելով, որ Վրաստանը մեծ հույսերով սպասում է Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռասմուսենին՝ Վրաստանում բարեփոխումների իրականացման և առաջընթացի գրանցման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Սաակաշվիլին կարևորել է Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման ու դրանցում միջազգային դիտորդների ներգրավման կարևորությունը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Նիստին մասնակցում են նաև Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն, փոխարտգործնախարար Թոռնիկո Գորդաձեն և ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Գեգա Մգալոբլիշվիլին:









































