Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի օդանավակայաններն Իսրայելի տրամադրության տակ դնելու վերաբերյալ ամերիկյան Foreign Policy ամսագրի տարածած տեղեկատվությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի որևէ ռազմական օդանավակայան կամ ռազմաբազա չի տրվել որևէ երկրի գործածմանը.
«Դրա անհրաժեշտությունը չկա: Չնայած պաշտոնական հերքումներին՝ այդ մասին խոսակցությունները դեռ շարունակվում են: Երևում է, որ մի շարք ուժեր շահագրգռված չեն, որ դադարեն այդ մասին քննարկումները: Այդպիսի հրապարակման նպատակը Իրանի և Ադրբեջանի բարեկամական և դրացիական հարաբերությունները վատթարացնելն է:
Բազմիցս հայտարարվել է, որ այդօրինակ ջանքերն ապարդյուն են և չեն հանգեցնի ոչնչի: Առնվազն երկու երկրների պատմական ավանդությունները, ընդհանուր արժեքները և մոտ հարաբերությունները թույլ չեն տա դա»:








































