Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական TPAO նավթագազային կորպորացիան առաջիկա 15 օրերին ձեռնամուխ է լինելու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի տարածքում հորատումներ իրականացնելուն: Այս մասին հայտարարել է TPAO-ի գլխավոր տնօրեն Մեհմեդ Ույսալը:
Վերջինիս խոսքերով՝ առաջին աշխատանքներն իրականացվելու են Մագոսում՝ Turkyurdu հանքահորում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) Նյու Յորքում պայմանագիր ստորագրեցին ՀԿԹՀ-ի բացառապես տնտեսական գոտում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ սկսելու շուրջ:
Ապա ՀԿԹՀ-ն այդ աշխատանքների իրավունքը տրամադրեց TPAO-ին: Բայց քանի որ ՀԹԿՀ-ի անկախությունը ոչ ոք չի ճանաչել՝ բացի Թուրքիայից, ուստիև ՀԿԹՀ-ն իրավունք չունի նմանատիպ տենդերներ հայտարարել և լիցենզիա տրամադրել: Դա նշանակում է, որ Թուրքիան պարզապես թալանում է Կիպրոսի Հանրապետությունը:










































