Սիրիայում վերջին 2 օրերի ընթացքում Բաշար Ալ-Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 135 մարդ: Այս մասին հաղորդում են ընդդիմության ներկայացուցիչները: Reuters-ը հաղորդել է 70 սպանվածի մասին՝ կիրակի օրը, իսկ CNN հեռուստաալիքը` 65-ի մասին՝ երկուշաբթի օրը:
Կիրակի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է կրակի դադարեցման և նրա առաջարկած ծրագրի իրագործման վերջնաժամկետի նշանակման մասին, այն է` ապրիլի 10-ը:
«Պարոն Անանը նաև հայտնել է, որ շուտով ակնկալում է Սիրիայի կառավարությունից ստանալ ծրագրի իրագործման մյուս քայլերի մանրամասները, այդ թվում` հումանիտար օգնության մատակարարման, ամեն օր երկժամյա հումանիտար դադարի հայտարարման, ինչպես նաև քաղաքական գործընթացներին մամուլի ներգրավվածության վերաբերյալ»,- Անանի խոսքերը մեջբերել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը:











































