Ինչպես հայտնի է, կառավարությունը փետրվարին մի ակցիա իրականացրեց, որը կոչվում էր «Ես գիտեմ»: Այդ ակցիայի նպատակն էր հանրությանը ծանոթացնել պետական ծառայությունների ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, որպեսզի քաղաքացին դրանցից օգտվելիս անտեղյակ չլինի և կարողանա լինել իրավատեր: Իսկ եթե նրանց հետ վարվեին, այսպես ասած, ավանդական բյուրոկրատական ձևով, կառավարության ակցիան հեռախոսահամար էր առաջարկում, որով քաղաքացին կարող էր զանգահարել և ստանալ անհրաժեշտ աջակցությունը:
«Ես գիտեմ» ակցիան իրականացվում էր մասնավորի հետ գործակցված: Ամփոփելով ակցիայի առաջին փուլի արդյունքը` կառավարությունը հայտարարեց, որ դրա համար ծախսվել է 100 հազար դոլարի չափ փող, ու ակցիայի շահառու է հանդիսացել ավելի քան մեկ տասնյակ հազար քաղաքացի: Ինչ խոսք, ակցիան ունի դրական միտվածություն, նաև հանրօգուտ է: Իհարկե, ակցիան վկայում է, որ կառավարությունն ինքն էլ չի հավատում իր բարեփոխմանը և գիտե, որ իրականում քաղաքացու հետ կարող են շարունակել վարվել ըստ քմահաճության: Բայց լավ է, որ կառավարությունը գոնե գիտակցում է այդ ամենն ու քաղաքացուն առաջարկում, այսպես ասած, աջակցության մեխանիզմ: Թեև հարց է իհարկե, թե արդյոք եթե չլիներ խորհրդարանի ընտրությունը, կառավարությունը քաղաքացուն կառաջարկե՞ր այդ մեխանիզմը: Իսկ այդ հարցի պատասխանն էլ լավագույնս տալիս է ակցիայի շարունակությունը:
Ամփոփելով ակցիայի առաջին փուլը` կառավարությունը հայտարարեց, որ շարունակում է այն: Այդ շարունակությունն էլ վկայում է, որ եթե չլիներ նախընտրական փուլը, ապա կառավարությունը բացարձակապես շահագրգռված չէր լինի իր, այսպես ասած, բարեփոխումների հարցում քաղաքացիներին ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերելու գործում: Բանն այն է, որ «Ես գիտեմ» ակցիայի շարունակությունն ակնհայտորեն վերածվել է իշխանության քարոզչության, իսկ ակցիայի շրջանակում պատրաստվող հոլովակները ոչ թե իրազեկում են այս կամ այն ծառայության բարեփոխման մասին, այլ տեղեկացնում են, թե ինչ է արել իշխանությունը, ասենք, աղետի գոտում բնակարանաշինության կամ էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու մասով: Օրինակ` «Ես գիտեմ» ակցիայի հոլովակի հերոսը ասում է. «Ես գիտեմ, որ աղետի գոտում կառուցվել է այսքան բնակարան…»: Դրա ի՞նչն է բարեփոխում, այստեղ հոլովակի ի՞նչն է բարեփոխման մասին: Մի՞թե աղետի գոտում բնակարան կառուցելը բարեփոխում է, որի մասին պետք է իրազեկել քաղաքացուն: Դա պարզապես պարզ քարոզչական հոլովակ է, որ «Ես գիտեմ» ակցիայի անվան տակ կառավարությունը մատուցում է հասարակությանը: Դրա վկայությունն է մեկ այլ հոլովակ, որը նույն ակցիայի շրջանակում պատմում է, որ ասենք` էներգետիկ ոլորտում կառավարությունն իքս չափի ներդրում է ապահովել, սա է կառուցել, նա է կառուցել և այլն: Դրա ի՞նչն է բարեփոխում: Դա պարզապես նույն քարոզչությունն է, որ մատուցում է կառավարությունն ընտրողին:
Այսինքն` փաստացի դրական նախաձեռնությունը վերածվում է ընդամենը պարզունակ քարոզարշավի, որի հեղինակները թերևս մտածում են, թե քաղաքացու ընկալունակությունը մի քանի անգամ ցածր է իրենց հնարամտությունից կամ խորամանկությունից, և մարդիկ չեն հասկանա, որ բարեփոխումների մասին իրենց իրազեկելիս կառավարությունն իրականում սահուն անցում է կատարում իրենց «ուղեղների լվացքին»: Եվ հատկանշական է, որ այդ փաստացի նախընտրական քարոզչությունն իրականացվում է ոչ քարոզչական հիմնադրամի միջոցներով: Փաստորեն, ընտրացուցակների մեծ աճպարարություններին զուգահեռ՝ երբ կարող է, ասենք, հավելագրվել մոտ 200 հազար ընտրող, ինչը թերևս արդեն իսկ առնվազն մոտ 20 տոկոս «երաշխավորված» ձայն է իշխանությանը, իսկ ընտրողների մասնակցության որոշակի քանակի պարագայում նույնիսկ ավելի, քան 20 տոկոսը, իշխանությունը, փաստորեն, դիմում է նաև մանր խորամանկությունների: Դա, իհարկե, զարմանալի չէ, նկատի ունենալով Հայաստանի իշխանության բնույթը, մտածողության բնույթը, արժեքներն ու աշխարհընկալումը: Իշխանության ներկայիս կազմը, խոշոր աճպարարություններից և մանր խորամանկություններից բացի, որևէ այլ նշանակալի բանի ունակ չէ: Իշխանությունն այդ վարքով աչքի է ընկնում ոչ թե միայն նախընտրական շրջանում, այլ ամեն օր: Պարզապես ամենօրյա աճպարարություններն ու խորամանկությունը փոքր-ինչ այլ տեսակի են, այլ ուղղվածության և ներառում են հիմնականում քաղաքացիներից հնարավորինս նյութական արժեքներ կորզելու և գերշահույթներ հետապնդելու նպատակ: Դրա համար այդ մանր խորամանկությունների կամ մեծ աճպարարությունների շնորհիվ թանկանում են տարատեսակ ապրանքների գներ, սահմանվում են տարատեսակ նոր հարկեր և տուրքեր, բարեփոխման անվան տակ քաղաքացու վրա դրվում են դրամական նորանոր պարտավորություններ, նորանոր անհրաժեշտ ծախսեր, որոնք չանելու դեպքում սահմանվում են նորանոր տուգանքներ: Աճպարարությունը և խորամանկությունը դարձել են Հայաստանի իշխող դասի գոյության և կենսագործունեության հիմքը, առանցքը, այսպես ասած` քաղաքական հավատամքը:
Դրա համար էլ իշխանությունը նախընտրական շրջանում չունի անելու այլ բան, քան դիմել հենց այդ նույն աճպարարությանն ու խորամանկությանը: Ընդ որում` այդ արատավոր պատկերացումները հետևողականորեն ներդրվել են նաև հնարավորինս լայն հասարակական շրջանակներում, այդ ամենը դարձնելով արժեք՝ նոր Հայաստանի արժեք: Հայաստանում հասարակության զգալի շերտեր, որոնք չունեն իշխանություն, այդուհանդերձ ապրում են իշխանության թելադրած այդ արժեքներով և կյանքի հաջողությունը պատկերացնում են այդ աճպարարության և խորամանկության, իրենցից թույլին և անպաշտպանին խաբելու, մոլորեցնելու մեջ, այդ ամենն, իհարկե, հարգանքի, սիրո, վստահության և հավատի մասին գեղեցիկ խոսքերի ներքո: Ահա թե ինչու արժեքներն են Հայաստանում ներկայումս հիմնարար խնդիրը, ահա թե ինչու Հայաստանում վաղուց արդեն անձի փոփոխությունը հարցի լուծման, մեղմ ասած, քիչ երաշխիք է, որովհետև Հայաստանում արդեն տեսակի գլոբալ խնդիր կա, ցավոք սրտի, և դա, իհարկե, երկրի համար առավել քան լուրջ խնդիր է՝ իշխանության խնդրից շատ ավելի լուրջ խնդիր:







































