«Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը նշեց, որ առայժմ պարզ չէ դատարանը ընդունե՞լ է վարույթ բողոքը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Գործի էությունն այն է, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:
Սլավիկ Ոսկանյանի գործը հանդիսանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկը: Human Rights Watche-ն իր 2011 թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաև Սլավիկ Ոսկանյանի գործին:








































