«Հավատալուց երբեք չեմ խուսափել, նույնիսկ ուզում եմ պետությանը հավատալ: Խաբվելուց էլ չեմ խուսափում, թող խաբողը մտածի, որովհետև խաբվելն ավելի ազնիվ զգացողություն է, որը քո մաքրությունից է գալիս՝ ուղղակի «հարիֆիզմի» չհասնի այդ խաբվածությունը: Բայց, օրինակ, «Օրինաց երկրին» հավատալը համարում եմ խավարամտություն»,- այսօր հանդիպելով լրագրողների հետ՝ ասաց երգիչ Դավիթ Ամալյանը:
Նա նշեց, որ ժամանակի ընթացքում ուղեղը պիտի զարգանա, ոչ թե սիրտը. «Սիրտը կենսաբանորեն անփոփոխ է մնում, իսկ մեզանում ուղեղը մնում է նույն բթության մակարդակին՝ սիրտն ենք զարգացնում. սրա հետևանքով հետընթաց է լինում»:
Երգչի խոսքերով՝ լավ կլիներ, որ հասարակությունը բաժանված լիներ երկու մասի՝ բարոյականների և անբարոյականների, ոչ թե մնար թաքնված տականքների խումբը, ինչպես հիմա է: Դավիթ Ամալյանը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց նրա համար միևնույն չէ, թե ով կլինի երկրի ղեկավարը:
Ասուլիսի մյուս մասնակից, Empyray խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը հավելեց, որ ընտրությունների ներկայիս համակարգը ազգային անվտանգության խնդիր է. «Այսօր միջնորդ փող բաժանողները հեղինակազրկում են տվյալ կուսակցությունը»:
Նա նշեց, որ ընտրություններին չի մասնակցելու, եթե գնա էլ, միայն այն պատճառով, որ իր քվեաթերթիկը ուրիշը չլրացնի. «Ընտրություններին չեմ գնալու միտումնավոր. կուսակցությունները ընտրությունները կեղծելու 20 տարվա փորձ ունեն, հիմա էլ նույն գործընթացն է: Խնամի-ծանոթով ձայներ են հավաքում: Սրա դեմն առնելու համար պիտի ժողովրդի միջից հանել վախի ու քծնանքի սովորությունը»:










































