«Միլան»-ի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը իտալական մամուլին տված հարցազրույցում պատմել է բասկետբոլի հանդեպ սիրո, ինչպես նաև իր ֆուտբոլային կարիերայի զարգացման մեջ ավագ եղբոր ունեցած ավանդի մասին:
– Դուք մի՞շտ եք ցանկացել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ:
– Ոչ, երիտասարդ տարիքում այդքան էլ չէի մտահոգվում իմ ապագայով: Ես պարզապես սիրում էի ֆուտբոլ խաղալ և հաճույք էի ստանում դրանից:
– Ո՞վ է ներդրում ունեցել Ձեր մարզական կարիերայի կայացման հարցում:
– Մեր ընտանիքում ֆուտբոլ սիրում էր խաղալ նույնիսկ մայրս: Ֆուտբոլը միշտ էլ եղել է մեր առօրյայի բաղկացուցիչը: Բայց իմ կարիերայի կայացման հարցում մեծ ներդրում է ունեցել ավագ եղբայրս: Նա ստիպում էր ինձ անընդհատ մարզվել և կատարելագործվել:
– Կարո՞ղ եք նշել ձեր ֆուտբոլային կուռքերին:
– Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Պելեն է, հավանում եմ նաև Ռիվալդոյի խաղը: Կարծում եմ՝ իմ խաղաոճը նման է վերջինիս խաղաոճին:
– Ի՞նչ նախասիրություններ ունեք՝ բացի ֆուտբոլից:
– Ես հետաքրքրվում եմ բասկետբոլով: Սիրում եմ նաև պարել և երգել:
-Ինչպե՞ս եք պատրաստվում տոնել «Միլան»-ի հնարավոր հաղթանակը Ա Սերիայում:
– Առայժմ չգիտեմ, նախ՝ պետք է նվաճել չեմպիոնական կոչումը:









































