«Ընտրությունների ելքի վրա ազդող երեք կարևոր գործոններն են՝ ֆինանսական միջոցները, վարչական ռեսուրսները ու զանգվածային լրատվամիջոցները, ավելի կոնկրետ՝ այն, թե որքան արդյունավետ են օգտագործվում սրանք նախընտրական շրջանում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Այս ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունները մշտադիտարկումներ են իրականացնում նաև սոցիալական ցանցերի ու առցանց լրատվամիջոցների միջոցով, մինչդեռ նախորդ ընտրությունների ժամանակ մշտադիտարկումներ կատարվում էին միայն հեռուստատեսության ու ռադիոյի եթերներում»,- ասաց նա:
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հայաստանյան հեռուստաեթերում նախընտրական քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է, և միշտ էլ այն ավելի վաղ է սկսվում, քան սահմանված է օրենքով:
«Այնպես որ, քողարկված քաղաքական գովազդի տարրեր մեր եթերում արդեն իսկ նկատվում են: Միաժամանակ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատությամբ դրանք որոշ չափով նվազել են: ՀՀ վարչապետի մարզային այցելություններն այս համատեքստում կհամարեի ոչ թե թաքնված քաղաքական գովազդ, այլ ՀՀԿ-ի ունեցած վարչական ռեսուրսների օգտագործում՝ այն դեպքում, երբ ԲՀԿ-ին վերաբերող թաքնված գովազդի տարրեր հեռուստաեթերում մենք նկատել ենք:
Համեմատության համար ուզում եմ նշել, որ Մեծ Բրիտանիայում ընտրություններից առաջ քաղաքական գովազդներն առհասարակ արգելված են և պատժվում են օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ որոշ ալիքներ զարմանալիորեն կարծես չեն զգում ընտրությունների մոտենալը և իրենց եթերում, քաղաքական գործիչների փոխարեն, շարունակում են հաղորդումների հրավիրել մշակութային գործիչների:
Երևանի մամուլի ակումբի նախագահը, խոսելով քաղաքակիրթ լուսաբանման կանոնների մասին, անթույլատրելի համարեց, որ որոշ հեռուստաընկերությունների նորությունների բլոկում այս կամ այն կուսակցության մասին ռեպորտաժը հաճախ տևում է 7-8 րոպե:
Ասուլիսի մյուս բանախոս, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանն իր հերթին նկատեց, որ ավանդական լրատվամիջոցներին զուգահեռ՝ ընտրությունների ընթացքի վրա ազդում են նաև լրատվության համեմատաբար նոր միջոցներ հանդիսացող էլեկտրոնային ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը:










































