Հաջորդ շաբաթվանից Yahoo ինտերնետ ընկերությունը աշխատանքից կազատի հազարավոր աշխատակիցների: Այս մասին հաղորդում է All Things Digital տեխնոբլոգը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Այն, որ ընկերությունը պատրաստվում է աշխատակիցների զանգվածային կրճատումների, հայտնի է դարձել մարտի սկզբին: Աշխատանքից ազատվողների հստակ թիվը չի նշվում, սակայն, ըստ ԶԼՄ-ների, նրանք հաշվվում են «հազարներով»: Ընկերությունն առայժմ մեկնաբանություն չի տալիս սպասվող կրճատումների վերաբերյալ:
All Things Digital-ի տվյալներով՝ հաստիքի կրճատումը կընթանա մի քանի փուլով: Վերակազմավորման ենթարկվող բաժինների շարքում կարող են հայտնվել ապրանքների մշակման, մարքեթինգի ու PR-ի, հետազոտության ու մշակման բաժինները:
2012թ. սկզբի տվյալներով՝ Yahoo-ն ունի ավելի քան 14 հազար մշտական աշխատակից, բացի այդ, կան նաև պայմանագրային հիմունքներով ընկերության հետ համագործակցող մասնագետներ: Ընկերությունն անցյալ տարվանից կորպորատիվ ճգնաժամի մեջ է հայտնվել, և բիզնեսը փրկելու համար անհրաժեշտ է արդյունավետ ռազմավարություն մշակել:
Սքոթ Թոմփսոնը, ով Yahoo-ն գլխավորում է 2012թ. հունվարից՝ նախկին գլխավոր տնօրեն Քերոլ Բարցի հեռացումից հետո, խորհրդականներ է հրավիրել Boston Consulting Group-ից: Տեխնոբլոգի տվյալներով՝ ընկերությունը հետագա զարգացումը կուղղի գլոբալ մեդիա-ստորաբաժանումների զարգացմանը, որոնք հնարավորություն կտան գրավել գովազդատուների:
Թոմփսոնը պետք է ընկերությունը վերադարձնի մրցունակ մակարդակ և բարձրացնի նրա կապիտալիզացիան:







































