Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները հարգանքի տուրք են մատուցել ուղիղ 10 տարի առաջ` 2002 թ. մարտի 30-ին մահացած մայր-թագուհի Եղիսաբեթի հիշատակին, ինչպես նաև նրա մահվանից մեկ շաբաթ առաջ մահացած արքայադուստր Մարգարեթի հիշատակին: Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:
Հիշատակի պատարագն անցել է Սբ. Գևորգ եկեղեցում, որտեղ թագուհի Եղիսաբեթ 2-րդը և նրա ընտանիքն անցկացնում են պահքային արձակուրդները, և որտեղ թաղված են թագուհու ծնողներն ու քույրը: Հիշատակի արարողությանը ներկա են եղել թագավորական ընտանիքի բոլոր անդամները, ինչպես նաև՝ արքայադուստր Մարգարեթի ընկեր, դրամատուրգ սըր Թոմ Սթոփարդը և մայր-թագուհու կենսագիր Ուիլյամ Շոուկրոսսը:
Արարողությանը չեն կարողացել ներկա գտնվել թագուհու կրտսեր եղբայրը` արքայազն Էդվարդը, ով այցով Ֆրանսիայում է, և նորապսակներ` արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը: Նրանք արձակուրդում են և գտնվում են լեռնային հանգստավայրում:
Արարողության ժամանակ արքայադուստր Աննան հայտարարել է, որ իր որդի Ֆիլիպը հենց այդ ժամանակ աղջիկ է ունեցել:
Թագուհին և Էդինբուրգի դուքսն արարողությանը եկել են ավտոմեքենայով, իսկ մնացածը ոտքով են անցել պալատից մինչև եկեղեցի ճանապարհը:
Նշենք, որ մայր-թագուհի Եղիսաբեթը մահացել է 101 տարեկան հասակում: Նրա կրտսեր դուստր Մարգարեթը մահացել է բազմաթիվ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով՝ 71 տարեկան հասակում: Երկու ամենամոտ կանանց մահը մեծ հարված էր թագուհու համար, ով 2002 թ. նշում էր իր կառավարման 50 ամյակը:










































