ԱՄՆ-ը հետաքրքրված է Ուկրաինայի մասնակցությամբ` հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ) ուժեղացմամբ: «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կլոր սեղանի շուրջ նիստում հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան քարտուղար Յուրի Ֆեդկիվը:
«ԱՄՆ-ը հետագայում ևս շահագրգռված է լինելու հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուժեղացմամբ: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք այն մասին, որ կուժեղացնենք այս ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի հետ: Միաժամանակ, մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ ՀՀՊ-ների տեղակայումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Մենք հանդես ենք գալիս այն բանի համար, որ ստեղծվեն երկու ուժեղ համակարգեր»,- ասել է նա:
Ֆեդկիվը նշել է, որ ՀՀՊ-ները ուժեղացնելու հարցում ԱՄՆ-ը շահագրգռված կլինի նաև Ուկրաինայի մասնակցությամբ: «Մենք կողջունենք Ուկրաինայի կողմից ցանկացած առաջարկություն ու նախաձեռնություն այս ոլորտում: Չնայած Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին չանդամակցելու որոշմանը, մենք պատրաստ ենք հետագայում ևս սատարել Ուկրաինայի` բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ բոլոր մտադրություններին, առաջին հերթին պաշտպանության ոլորտում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Ուկրաինան կմասնակցի մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:








































