35 դոլար արժողությամբ Raspberry Pi համակարգիչը պատվիրատուներին կարող է հասնել ուշացումով,- հաղորդում է BBC News:
Ուշացումը պայմանավորված է սարքի՝ Եվրամիության անվտանգության չափանիշներին համապատասխանելը ստուգելու անհրաժեշտությամբ:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Raspberry Pi-ն եվրոպական որակի համապատասխանության թեստ չի անցնի, քանի որ լիարժեք համակարգիչ չէ: Սակայն բրիտանացի ներկրողները հրաժարվել են վաճառել սարքավորումը առանց ԵՀ՝ European Conformity, դրոշմավորման:
Թեև այս պահանջը Raspberry Pi-ի ստեղծողների համար շատ անսպասելի էր, սակայն նրանք համաձայնել են անցնել այդ համապատասխանության թեստը:
Թե որքան ժամանակ դա կպահանջի՝ Raspberry Pi-ի ստեղծողները չեն նշել: Այժմ Բրիտանիայում հավաստագրման է սպասում ավելի քան 2 հազար համակարգիչ:
Raspberry Pi համակարգիչների մատակարարումը հաճախորդներին նախատեսվում էր իրականացնել մարտի վերջին:
Raspberry Pi-ն արտադրվում է Չինաստանում: Այս համակարգիչն իրենից ներկայացնում է կրեդիտ քարտի չափով միկրոչիպ, որը վաճառվում է առանց կորպուսի, մկնիկի, մոնիտորի և ստեղնաշարի: Էլեկտրականությունն այն ստանում է microUSB մուտքի միջոցով: