Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ թուրք դատախազ Հիքմեթ Ուսթան իր անհամաձայնությունն է հայտնել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանին՝ կապված Դինքի սպանությանն առնչվող՝ օրեր առաջ նրա հրապարակած հիմնավոր որոշման հետ, որում ասվում էր, որ ապացույցներ չկան, թե Դինքի սպանության հետևում կանգնած է հանցավոր խումբը: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի այդ որոշումը հասարակական բուռն քննարկումների առարկա էր դարձել:
Այս կապակցությամբ Հիքմեթ Ուսթան պատրաստել է 30 էջանոց մերժողական խնդրագիր և այն ուղարկել է Գերագույն հանրապետական դատախազություն: Դրանում նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Դինքի սպանության գործով անցնող կասկածյալները հանդիսանում են նաև «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով անցնող կասկածյալներ, ինչը և խոսում է Դինքին սպանելու նրանց դրդապատճառների մասին:
Նա հավելել է, որ կասկածյալներ Էրհան Թունջելն ու Յասին Հայալը հանդիսացել են «Էրգենեկոն»-ի տրապիզոնյան մասնաճյուղի ղեկավարներ, իսկ Օգյուն Սամասթը՝ դրա անդամ և վարձու մարդասպան: Դրանից ելնելով՝ թուրք դատախազը պահանջում է չեղյալ հայտարարել Դինքի սպանության գործով կասկածյալների արդարացման վերաբերյալ դատավճիռը և նոր հետաքննություն սկսել:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 17-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունները քննող դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:
Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց McDonald’s-ի ռեստորանի վերոնշյալ պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման:
Ինչ վերաբերում է Օգյուն Սամասթին, ապա 2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը նրան «ծրագրված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար դատապարտել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման։








































