«Երևանում և ողջ հանրապետությունում հաշմանդամների տեղափոխության հետ կապված լուրջ խնդիր կա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։ Ըստ նրա՝ հատկապես սայլակ օգտագործողները չեն կարողանում օգտվել տրանսպորտից. «Ակտիվ բանակցություններից, ակցիաներից հետո քաղաքապետարանը լուրջ ծրագիր ունի, որ այս տարվա բյուջեից նախատեսել է որոշակի միջոցներ՝ հաշմանդամների համար նախատեսված ավտոբուսներ բերելու համար»։ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ շուրջ 25 ավտոբուս այս տարի կհանձնվի շահագործման, ինչը չնայած բավարար չէ հաշմանդամների համար, բայց տեղաշարժ, այնուամենայնիվ, կա։
Նա նաև նշեց, որ «Ունիսոնը» քաղաքապետարանում կազմակերպել էր մի միջոցառում, որով ցույց տվեց աշխարհում կիրառելի լավագույն փորձը, որը կարող ենք օգտագործել նաև Հայաստանի տրանսպորտի ոլորտում. «Մենք այդ նյութերը, լուսանկարները, նորմատիվները տրամադրել ենք քաղաքապետարանին, և ինչպես խոստովանեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը, դա շատ մեծ օգնություն եղավ, որպեսզի նրանք կողմնորոշվեն և արդյունավետ ձևով լուծեն այս հարցը»։









































