Իսպանիայում հինգշաբթի տեղի է ունեցել համընդհանուր գործադուլ, որի մասնակիցները բողոքել են իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական կոշտ քաղաքականության դեմ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ձախակողմյան խմբավորումների միջև, որոնց միացել են նաև բողոքի դուրս եկած մարդիկ: Տասնյակ մարդիկ տուժել են, հարյուրավորները ձերբակալվել ոստիկանության կողմից:
Ամենալուրջ բախումները տեղի են ունեցել Բարսելոնա քաղաքում: Լուրջ վնաս է հասցվել մի քանի շինությունների: Կազմակերպիչները հայտարարել են, որ Իսպանիայում գործադուլի է դուրս եկել այդ երկրի աշխատուժի մոտ 80%-ը, սակայն իշխանություններն այդ թիվը չափազանցված են համարում:
Հիշեցնենք, որ գործադուլի կազմակերպիչներն են երկրի երկու խոշորագույն արհմիությունները: Աշխատողները, մասնավորապես, բողոքում են նոր օրենքի ընդունման դեմ, որը գործատուներին հնարավորություն է տալիս սեփական աշխատակիցներին առանց դժվարության ազատել աշխատանքից: Մասնավորապես՝ ներկայում կրճատվում է այն դրամական փոխհատուցումը, որ տրվում էր աշխատանքից ազատվող աշխատակցին:
Իսպանիայի արհմիությունները դժգոհ են նաև կառավարության որդեգրած`տնտեսության խիստ կանոններից: Վարչապետը, սակայն, հույս ունի այդ քայլով կրճատել երկրում գործազրկության բարձր մակարդակը:











































