Ֆրանսիացի ահաբեկիչ Մուհամմեդ Մերային թաղել են Թուլուզի արվարձաններից մեկում: Թաղման արարողությանը ներկա է եղել մոտ 15 մարդ։ Այս մասին հայտնել է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ, Թուլուզի քաղաքապետ Պիեր Կոեն տեղական իշխանության ղեկավարությանը խնդրել էր 24 ժամով հետաձգել ահաբեկիչ Մուհամմեդ Մերայի թաղումը: Թաղման օրվա փոփոխությունը կապված էր ահաբեկչի համար գերեզման գտնելու հետ, քանի որ, ըստ Թուլուզի իշխանությունների, թաղել Մերային այն քաղաքում, որտեղ նա սպանել է յոթ մարդու, «չմտածված քայլ է»:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս հարցի հետ կապված ասել էր, որ Մերային, այնուամենայնիվ, պետք է թաղել Ֆրանսիայում, քանի որ նա այս երկրի քաղաքացի է եղել:
Հիշեցնենք, որ Մուհամմեդ Մերան սպանվել էր մարտի 22-ին՝ ոստիկանական գործողությունների հետևանքով: Նրա ծնողները ցանկանում էին Մերային թաղել իրենց պատմական հայրենիքում` Ալժիրում` վախենալով, որ Ֆրանսիայում նրա գերեզմանը կարող է ենթարկվել վանդալիզմի գործողությունների, սակայն Ալժիրի իշխանությունները հրաժարվել են ընդունել Մերայի աճյունը:







































