ԱՄՆ-ում կխստացվեն այն կանոնները, որոնց համաձայն դիմորդներին թույլ են տալիս մասնակցել բուհերի ընդունելության քննություններին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
SAT և ACT թեստեր հանձնելու նոր կանոնները կգործեն երկրի ողջ տարածքում այս տարվա աշնանից:
Հիմնական փոփոխությունն այն է, որ այժմ դիմորդներից կպահանջեն ներկայացնել իրենց լուսանկարը ոչ միայն քննության ժամանակ, այլև քննությանը գրանցվելուց: Ենթադրվում է, որ այսկերպ փորձում են պայքարել այն դեպքերի դեմ, երբ դիմորդներն ավելի լավ պատրաստված այլ անձանց խնդրում են իրենց փոխարեն քննություն հանձնել:
Դիմորդներից նաև կպահանջեն նշել իրենց դպրոցը, որպեսզի քննության արդյունքներն՝ աշակերտի լուսանկարով, ուղարկվեն նշված դպրոց: Մինչ այժմ դա պարտադիր չէր, և դպրոցները չէին կարողանում հայտնաբերել իրենց որոշ աշակերտների կասկածելիորեն բարձր արդյունքները:
Քննությանը գրանցվելուց պարտադիր կլինի նաև նշել սեռն ու ծննդյան տարեթիվը: