Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ռազմական ոլորտում համագործակցելու շուրջ պայմանավորվել է Թուրքիայի ու Թաիլանդի ղեկավարների հետ:
Նշվում է, որ Թուրքիան ու Հարավային Կորեան նախկինում նույնպես հաջողությամբ համագործակցել են ռազմական ոլորտում: Թուրքիան 2007 թվականին Հարավային Կորեայից գնել է KAI KT-1T Woong-Bee տիպի 40 ուսումնա-մարտական ինքնաթիռ, ինչպես նաև Hyundai Rotem K2 տիպի տանկի գծագրերը: Հենց այդ տանկի բազայի հիման վրա էլ Թուրքիան ներկայումս ստեղծում է իր հիմնական մարտական Altay տանկը:
Թաիլանդն իր հերթին Հարավային Կորեայից գնել է Kia Motors-ի արտադրած ռազմական բեռնատարներ և պլանավորում է առաջիկայում գնել կորեական մարտական մեքենաներ ու «Ուլսան» տիպի ֆրեգատներ: Հարավային Կորեան նաև ցանկանում է Հնդկաստանի հետ հիմնել նավաշինության ու ավիաշինության համատեղ արտադրություն:
2005-2011 թվականներին Հարավային Կորեայում զենքի արտահանումն աճել է գրեթե 10 անգամ՝ 260 միլիոն դոլարից մինչև 2.3 միլիարդ դոլար: Սեուլը պլանավորել է մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել մինչև 4 միլիարդ դոլարի՝ մտնելով պաշտպանական արդյունաբերության արտահանողների լավագույն յոթնյակ:
Հիշեցնենք, որ թուրքական Altay տանկի ստեղծման նախագիծը պետք է ավարտվի մինչև 2015 թվականը: Altay տանկի քաշը կազմում է մոտ 60 տոննա: Այն ունի 120 միլիմետր տրամաչափի հարթ փողով հրանոթ և 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիր: Տանկի զրահի հաստության մասին ոչինչ հայտնի չէ: Տանկը կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժամ արագություն: Նախնական տվյալներով՝ թուրքական նոր տանկի ինքնարժեքը կազմում է մոտ 5.5 միլիոն դոլար:










































