Մինչ Հայաստանում ակտիվ հասարակական, սոցիալական քննարկումների է ենթարկվում Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հռչակած «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը՝ դառնալով լուրջ դիտարկումների, վերլուծությունների, հեգնանքի և նույնիսկ ծաղրի առարկա, այդ կարգախոսն արդեն մի քանի տարի է՝ ավանսով և թերևս նաև ապառիկով ուղղակի փշուր-փշուր է լինում Սփյուռքում:
2008 թվականից ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանը իր արտասահմանյան այցերի ընթացքում հանդիպումներ է ունենում սփյուռքահայ համայնքի, սփյուռքի գործարարների հետ և նրանց հորդորում, կոչ անում, խնդրում ներդրումներ կատարել Հայաստանում, մասնակցել հայրենիքի զարգացման գործին: Բայց որքան հաճախակիանում են Սարգսյանի այդ կոչերն ու հորդորները, այնքան ակնհայտ է դառնում, թե որքան անհաղորդ է դրանց սփյուռքահայությունը, սփյուռքահայ ներդրողը: Նրանք չեն գալիս Հայաստան, համենայնդեպս չեն գալիս այնքան, որ նկատելի լինի և շոշափելի դառնա Հայաստանում տնտեսության ակտիվությունն ու զարգացումը:
Սփյուռքահայ ներդրողները չեն հավատում Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե հայրենիքում նրանց համար կապահովվեն ազատ և օրինական բիզնեսի բոլոր պայմանները, կպաշտպանվի նրանց սեփականության իրավունքը: Սփյուռքահայ ներդրողները հավատում են այն եզակի գործարար հայերին, որոնք ինչ-ինչ խոստումների հավատալով՝ եկել են Հայաստան տնտեսվարելու համար, ներդրում են կատարել՝ հավատալով իրենց ներդրումների պաշտպանության մասին իշխանության կամ իշխանությանը շատ մոտ կանգնած, նույնիսկ հարազատ համարվող անձանց խոսքերին, ու հետո հայտնվել են կոտրած տաշտակի առաջ և ընկել նույնիսկ ամենավերջին փշրանքները կորցնելու վտանգի տակ՝ չկարողանալով պաշտպանել իրենց օրինական իրավունքները:
Տեսնելով այդ իրողությունը, քաջատեղյակ լինելով այդ դեպքերին՝ սփյուռքահայ ներդրողները պարզապես չեն հավատում հայրենիքի կանչին, որ հնչում է Սերժ Սարգսյանի շուրթերից, և չեն փոխում իրենց կապիտալը հայրենիքից հեռու պահելու մտադրությունը: Չեն հավատում, ու չեն փոխվում, որքան էլ որ Սերժ Սարգսյանը փորձում է գեղեցիկ և հուզիչ ճառերի միջոցով նրանց ներգրավել Հայաստանի տնտեսության մեջ: Սփյուռքը այն ցցուն ժայռերից մեկն է, որին զարնվելով՝ փշրվում է Սերժ Սարգսյանի հնարած կարգախոսը: Ավելին, սփյուռքից նվազում են ոչ միայն ներդրումները, այլ նաև բարեգործական հատկացումները, ինչի վառ վկայությունն էլ Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակություններն են: Անգամ ռուսաստանցի միլիոնատեր կամ միլիարդատեր հայերը, որոնք նախկինում բավական շռայլ էին գտնվում այդ հանգանակությունների ժամանակ, 2011 թվականի մոսկովյան ճաշկերույթի ընթացքում ընդամենը, այսպես ասած, հերթապահ հատկացումներ արեցին, իսկ իրավիճակը փրկեց ընդամենը արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի խոշոր հատկացումը, այլապես ստացվելու էր բարեգործական հանգանակության բավական տխուր մի պատկեր:
Այդ ամենի ֆոնին Հանրապետական կուսակցության ֆունկցիոներների հայտարարությունները, թե ՀՀԿ-ն առաջ է գնում իր խոստումները կատարելով և հանրությունն էլ հավատալու է նրան, առնվազն մտահոգություն են առաջացնում այդ մարդկանց քաղաքական անմեղսունակության առումով: Եվ, դժբախտաբար, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվում պետությանը, եթե վերարտադրվի քաղաքական անմեղսունակությամբ համակված այդ մեծամասնությունը:









































