Մարտի 1-ի էջը փակված է. կբացվի միայն իշխանափոխությունից հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 2008 թ. մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող Փիթեր Սեմնեբիի այն կարծիքին, թե ժամանակն է արդար գնահատական տալ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին, սակայն դրանք չպետք է դառնան Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգի մաս:
Նա նշեց, որ մինչև իրենց երեխաների գործը քաղաքականացնելը դիմել են տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, երեք ատյանի դատարաններ, դատախազություն, դատախազին, ՄԻՊ-ին, վարչապետին, նախագահին` խնդրելով բացահայտել Մարտի 1-ի էջը: «Երբ Եվրախորհրդարանը որոշեց փակել Մարտի 1-ի էջը, մեզ ի՞նչ էր մնում անել` միայն քաղաքականացնել: Ինչո՞ւ, որովհետև սպառել ենք բոլոր ատյանները: Մարտի 1-ի էջը փակված է և կբացվի միայն իշխանափոխությունից հետո: Այս իշխանության օրոք Մարտի 1-ի էջը չի բացահայտվի»,- եզրափակեց իր խոսքը Ս. Քլոյանը:






































